Մասնակիցները գնահատել են Ակադեմիա 2016-ի առաջին շաբաթվա աշխատանքները
«Կայուն էներգետիկայի ակադեմիա» 2016 (ԿԷԱ) ծրագրի առաջին շաբաթվա վերջում մասնակիցները կատարել են աշխատանքների գնահատում։ Առաջին շաբաթվա քառասուն մասնակիցներից երեսունն էին ներկա ակադեմիայի վերջին նիստին, որոնք էլ լրացրել են գնահատման հարցաշարերը։ Ստորև բերված են դրանց արդյունքները․
Բոլոր մասնակիցները նշել են, որ ԿԷԱ 2016-ը բավարարեց նրանց ակնկալիքները։ Քսաներկու մասնակից նշել է, որ բանախոսները շատ լավն էին, իսկ ութ հոգի նշել են, որ բանախոսները լավն էին։ Ոչ ոք չի նշել «միջին», «վատ» կամ «շատ վատ»։
Առաջին շաբաթվա աշխատանքները, թեև ներառում էին խնդիրների ավելի խորը բացատրություն, ավելի քիչ հավանության արժանացան։ Տաս մասնակից աշխատանքների որակը համարել էր «շատ լավ», 15 հոգի՝ «լավ» և 3 մասնակից՝ «միջին»։ Երկու մասնակից չի պատասխանել հարցին։ Ոչ ոք չի նշել «վատ» կամ «շատ վատ»։
Քսանութ հոգի նշել է, որ նրանք հետագայում նույնպես կցանկանային մասնակցել Կայուն էներգետիկայի ակադեմիային։ Երկու հոգի չի պատասխանել հարցին։
Այն հարցին, թե որոնք էին առաջին շաբաթվա աշխատանքների թերությունները, պատասխանողներից շատերը նշել են, որ այդպիսիք չկային։ Ոմանք, սակայն, նշել են, որ լավ կլիներ, որ բանախոսները սահմանափակվեն իրենց հատկացված ժամանակով։ Սա նաև հանգեցրեց նրան, որ առաջին շաբաթվա վերջում նախատեսված ֆինանսական վերլուծության հմտությունների վերաբերյալ հատվածին քիչ ժամանակ հատկացվի։ Մասնակիցներից մեկը նշել է, որ կցանականար ավելի շատ ժամանակ ունենալ սրա համար։ Եվ վերջում մեկ մասնակից նշել է, որ շուկայի ուսումնասիրության դաշտային առաջադրանք իրականացնողների մասնագիտական կրթությունն ու ունակությունները կարող էին ավելի լավ համադրվել, քանի որ խմբերից մի քանիսը ոլորտում քիչ մասնագիտական ունակություններ ունեին, մինչդեռ ոմանք՝ հակառակը։ Սա պատճառ էր հանդիսացել, որպեսզի որոշ մասնակից խմբեր ունենային սկզբնական առավելություն։